Ապրիլի 18-ից 29-ը

IMG_9658
Ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղեր —  «Ես քեզ բառ եմ նվիրում», «Որախ գնացք»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն
Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է:
«Ես իմ բաժին երկինքն եմ պահում»: 

Արտույտը վախենում է, որ երկինքը փուլ կգա: Նա պառկում է մեջքի վրա, ոտքերը վեր տնկում ու աշխատում դեմ տալ երկնքին: Տեսնողները հարցնում են.
_Էդ ի՞նչ ես անում:
_Երկինքն եմ պահում:
Հարցնողները ծիծաղում են նրա վրա.
_ Ա՛յ ճնճղուկ, դու ո՜նց կարող ես քո ծղոտե տոտիկներով երկինքը պահել:
_Ես իմ բաժին երկիքն եմ պահում: 

Էկո նախագիծ- խնամում ենք թռչնակին
Շարունակում ենք չափումները, հաշվում բակի ծառերը, դուրս ու ներս դռնով, պատուհանով:
Պատրաստելու ենք աղցան
Հինգշաբթի, ուրբաթ  — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Վիճակի երգ»,«Հեյ իմ Նազան»
Ռոդարիական օրեր, Աղայանական օրեր
Շաբաթվա ոտանավորը — Ղ. Աղայան  «Առավոտը գյուղում»
 ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
Շաբաթվա հեքիաթները  — Ջ. Ռոդարի  «Ալիսա գլորիկ», Ղ. Աղայան  «Գյուլնազ տատի հեքիաթը»
Ալիսա գլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

«Գյուլնազ տատի հեքիաթը»

Մի անգամ Գյուլնազ տատին շրջապատեցին իր թոռները և ստիպեցին, որ տատը թռչնիկներ շինի նրանց: Տատն էլ վեր առավ փոքրիկներից մեկին, դրավ ծնկան վրա, երկու ձեռքից բռնեց և վեր ու վայր թափ տալով երգեց.
Ղո՛ւ-ղո՛ւ-ղո՛ւ, ա-ղո՛ւ-ղո՛ւ,
Նա՛կ, նա՛կ, ա-ղու-նա՛կ, թը՛ռռ…
Հետո մի ուրիշն ընկավ տատիկի գիրկը և ասաց.
-Տատիկ ջան, տատիկ, ինձ էլ մի կաչաղակ շինե՛ս…
Տատիկը նրան էլ դրավ ծնկներին և առաջվա պես երգեց.
Չա՛-չա՛-չա՛, կա-չա-չա՛,
Ղա՛կ, ղա՛կ, կա-չա-ղա՛կ, թը՛ռռ…
-Տատիկ ջան, տատիկ, ինձ էլ մի ծիտիկ շինե՛ս,- ասաց ամենից փոքրը:
Տատիկը նրան էլ վեր առավ և վեր ու վայր թռցնելով` երգեց.
Ծիտ եմ, ծիտ եմ, ծլվլում եմ,
Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ:
Ոստոստում եմ, թռչկոտում եմ,
Տի՛վ, տի՛վ, տի՛վ:
Արի՛, թևի՛կ. արի՛, փետրիկ,
Որ ես դառնամ փոքրիկ ծիտիկ,
Փոքրիկ ծիտիկ, պիծիկ-միծիկ, թը՛ռռ…

Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, ավազներով, յուղամատիտներով, կավով, ծեփամածուկով:
Զբոսանք- խաղում ենք ավազներով
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում   Երկնագույն նետ      38թութակներ
Ճանապարհում տուն